Դեկտեմբեր 28, 2011 | 00:01
Ծանրամարտի
աշխարհի հայ չեմպիոնների համար 2012 թվականը հաջողությունների եւ
անհաջողությունների տարի էր: Սակայն նրանք մեծ սպասելիքներ ունեն 2012-ից:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին ծանրամարտի աշխարհի չեմպիոններ Նազիկ Ավդալյանը եւ Տիգրան Գ. Մարտիրոսյանը:
Ամփոփելով
2011-ը Նազիկ Ավդալյանը նկատեց. «Անցնող տարին իր հետ բերեց փոփոխական
հաջողություններ եւ անհաջողություններ: Ինչպես ասում են, իրար հաջորդեցին
կյանքի սեւ եւ սպիտակ գծերը: Ընդհանուր առմամբ պետք է իմ գոհունակությունը
հայտնեմ անցնող տարուց, քանի որ առողջականիս հետ կապված հարցերը բարեհաջող
լուծում ստացան, ապաքինվեցի եւ աստիճանաբար իմ ուժերն եմ վերականգնում: Ես
ոչ միայն հավատում եմ, այլեւ վստահ եմ, որ հավատը սարեր է շրջում:
Հետեւաբար` ամուր հավատ եմ մաղթում իմ հայրենակիցներին, այնքան ամուր եւ
հուսալի, որ կարողանան դուրս գալ դժվար իրավիճակներից: Համոզված եմ, որ
դրան կնպաստի միմյանց հանդեպ հանդուրժող եւ համբերատար լինելը: Սիրելի
ժողովուրդ, իմ հայրենակիցներ մաղթում եմ ձեզ գալիք տարում հաջողություններ,
առողջություն եւ անսահման սեր: Սիրո պակասից է, որ աշխարհում աղետներ ու
զոհեր են լինում: Մեծ հավատով կրկնում եմ աստվածաշնչյան տողերը.«Սիրեցեք
զմիմեանս», շնորհավոր Նոր տարի»:
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Տիգրան
Գ. Մարտիրոսյանը, ամփոփելով 2011-ը, հիշեցրեց, որ աշխարհի առաջնությանը
մասնակցեց եւ 4-րդ տեղը գրավեց, ինչն իր համար անհաջող ելույթ է, քանի որ
ակնկալում էր կրկնել անցած տարվա հաջողությունը: «Ավաղ, չկարողացա: Ես նաեւ
դրա պատճառներն ունեի: Բոլորն էլ գիտեին, որ ուսի վնասվածք ունեմ,
հետեւաբար չկարողացա հաղթանակս կրկնել: Բայց ես գնացել եմ Գերմանիա,
բուժման կուրսեր եմ անցել եւ հիմա ինձ լավ եմ զգում»,- ավելացրեց Տիգրան Գ.
Մարտիրոսյանը:
Տիգրան Գ. Մարտիրոսյանը նպատակ ունի 2012-ին դառնալ
օլիմպիական չեմպիոն: «Չեմ խոստանում, բայց ինձանից կախված ամեն ինչ կանեմ,
որ այդ նպատակին հասնեմ: Շնորհավորում եմ բոլորի Ամանորը եւ Սուրբ ծնունդը:
Բոլորին ցանկանում եմ առողջություն, երջանկություն, ընտանեկան անդորր եւ
գործերի մեջ հաջողություններ: Եվ, քանի որ մյուս տարի մեր մարզաշխարհի
համար շատ սպասված տարի է` 2012-ը օլիմպիական տարի է` բոլորին մաղթում եմ,
որ իրենց ամենամեծ բարձրունքին հասնեն եւ երազանքներն իրականացնեն»,-
բարեմաղթեց ծանրամարտի աշխարհի չեմպիոն Տիգրան Գ. Մարտիրոսյանը: